ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«Կոռուպցիոն ռիսկերը պայմանավորված են նաև մարդկանցով»

«Կոռուպցիոն ռիսկերը պայմանավորված են նաև մարդկանցով»
09.09.2008 | 00:00

«ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԴՐՍԵՎՈՐՎԵՆ ՈՐՊԵՍ ԱՐՏԱՔԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՈՐԱԿ ԱՊԱՀՈՎԵՆ»
Այս տարի ամբողջությամբ կներդրվի միասնական քննակարգը, որը կիրականացնի ՀՀ կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը։ Որքանո՞վ ենք պատրաստ այս համակարգին, և ի՞նչ խնդիրներ կան այդ ուղղությամբ. այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-Պարոն Մկրտչյան, արդեն մի քանի ամիս է, ինչ ավարտվել են ավարտական և միասնական քննությունները։ Վերլուծություններ արվե՞լ են, և ի՞նչ եզրահանգումների եք եկել։
-Իհարկե, վերլուծություններ արվել են։ Թեստային համակարգով քննություններ կազմակերպելը հանրության համար նորություն է, այդ պատճառով մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բնույթի վերլուծություններ են կատարվում։ Ըստ էության, քննարկումներն ու վերլուծություններն արվում են մինչև հաջորդ տարվա քննությունների մեկնարկը։ Դրանք վերաբերում են և՛ թեստերի բովանդակությանը, և՛ կառուցվածքին, և՛ քննական կենտրոններին։ Բավականին լուրջ արդյունքներ արդեն ունենք, արվել են հետևություններ, այսօրվա դրությամբ որոշակի պատկերացումներ կան, թե ինչ ուղղությամբ պետք է աշխատենք համակարգը կատարելագործելու համար։ Առարկայական ուղեցույցները պատրաստ են, և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին դրանք կհասնեն դպրոցներ։ Ինչպես միշտ, դրանք շրջանավարտներին կհատկացվեն անվճար, որոշակի քանակություն էլ կհանվի վաճառքի՝ նախորդ տարիների շրջանավարտների համար։
-Արդեն այս ուսումնական տարվանից բոլոր առարկաների քննություններն անցկացվելու են նոր քննակարգով։ Գնահատման և թեստավորման կենտրոնն ունի՞ այդքան մարդկային և տեխնիկական ռեսուրսներ՝ քննական գործընթացն իրականացնելու համար։
-Տեխնիկական և մարդկային ռեսուրսները բավարար են։ Խնդիրներ կարող են առաջանալ, թերևս, միայն ժամանակի առումով։ Տեխնիկական հնարավորությունների տեսակետից որևէ դժվարություն չկա։ Ինչ վերաբերում է մարդկային ռեսուրսներին, ապա, որպես կանոն, քննությունների ընթացքում ընդգրկված չեն լինում առարկայական մասնագետները։
-Բանավոր քննությունները և «Ստեղծագործական մրցույթ» առարկան նույնպե՞ս անցկացվելու են միասնական քննակարգով։
-Կրթության և գիտության նախարարն արդեն տարբեր առիթներով հայտարարել է, որ բանավոր քննություններն ու ստեղծագործական մրցույթը կանցկացվեն ինչպես նախկինում՝ կենտրոնացված կարգով։ Գնահատման և թեստավորման կենտրոնն առայժմ դրանց չի առնչվի։
-Դուք մեծ ուշադրություն եք դարձնում միասնական քննություններին, իսկ ավարտական քննությունները կարծես աչքաթող են արվում։ Մինչդեռ բողոքներն ավարտական քննությունների ընթացքից բավականին շատ են։
-Սա իսկապես ակտիվորեն քննարկվող հարցերից է։ Ավարտական քննությունների թեստերը նույնպես մենք ենք կազմում և աշխատում ենք մշակել այնպիսի մեխանիզմներ, այնպիսի կարգ, որ տեղական կրթական պատասխանատուներն ընդգրկված լինեն քննությունների ժամանակ և որոշակի պատասխանատվություն կրեն։ Մենք չենք կարող ավարտական քննությունները չվստահել դպրոցներին, պարզապես տհաճ երևույթները վերացնելու ուղղությամբ պետք է աշխատենք և ոչ թե դրանց պատճառով գործընթացը հետ գցենք։ Մենք հնարավոր ամեն ինչ անում ենք, որ ավարտական քննությունները դրսևորվեն որպես արտաքին քննություններ և որակ ապահովեն։ Արցախում ներդրվել է մի մեխանիզմ, որը շատ ուսանելի է. ավարտական քննությունների համար նույնպես (ինչպես միասնականի) ընտրվել են մի քանի դպրոց-կենտրոններ։ Այսինքն՝ տեղական մակարդակով կիրառվել է միասնական քննությունների մոդելը։
-Իններորդ դասարանը ևս համարվում է ավարտական։ Ինչպե՞ս են կազմակերպվելու իններորդցիների ավարտական քննությունները։
-Նախորդ ուսումնական տարում 9-րդ դասարանի «Մաթեմատիկա» առարկայի ավարտական քննությունների թեստերը կազմել էր գնահատման և թեստավորման կենտրոնը։ Այս տարի արդեն բոլոր առարկաների քննությունները մենք կկազմակերպենք։ Առայժմ կբավարարվենք հետևյալ մոտեցմամբ. կենտրոնը կկազմի թեստերը, կապահովվի դրանց գաղտնիությունը, քննության օրը կհասցվեն դպրոցներ, և դպրոցները կանցկացնեն քննական գործընթացը։ Այս տարի կսկսենք նաև ընթացիկ գնահատման գործընթացը, ինչը հնարավորություն կտա տվյալ աշակերտի մասին ունենալ հստակ տեղեկություն, և ավարտական, միասնական քննությունների ժամանակ կեղծիքները շատ քիչ կլինեն։ Հնարավոր չի լինի երեխային իր մակարդակից շատ ցածր կամ բարձր գնահատել։ Նման գործընթացներ կսկսվեն նաև միջին դպրոցում։ Այսինքն՝ փոխադրական քննությունները նույնպես աստիճանաբար կսկսենք մենք իրականացնել։
-Թեստերը շարունակելո՞ւ են արտասահմանում տպագրվել։
-Հարցը քննարկման փուլում է։ Նախորդ տարի մենք մի փոքր փորձաշրջան անցանք. ավարտական թեստերը տպագրեցինք Հայաստանում՝ միաժամանակ հետևելով և սովորելով, թե ինչպես կարելի է դրանց գաղտնիությունն ապահովել։ Հավանաբար, այս տարի ևս համարձակ քայլեր կանենք. որոշ առարկաների թեստեր գուցե մեզ մոտ տպագրենք։
-Դպրոցները, աշակերտները, կրթական համակարգը, հասարակությունն ընդհանրապես պատրա՞ստ են անցնելու նոր քննակարգին։
-Իհարկե, դպրոցների, աշակերտների պատրաստ լինելը շատ կարևոր է, սակայն նախ և առաջ պատրաստ պետք է լինի հասարակությունը։ Եթե աշակերտների հետ մենք կարող ենք և հնարավորություն ունենք աշխատելու, ապա հասարակության մեջ վստահություն միայն լրատվամիջոցները կարող են սերմանել։ Բայց այստեղ ավելի բարդ խնդիրներ կան, որոնք պետք է աստիճանաբար լուծվեն, քանի որ կա և՛ պատկերացումների, և՛ հավատի ու վստահության, և՛ սովորությունների հաղթահարման հոգեբանական պահը։ Ընդ որում, այս հարցը ոչ միայն հասարակության, այլև մասնագետների մեջ պետք է լուծվի։ Եվ այդ ուղղությամբ աշխատանք տարվում է. քննարկումներ, հանդիպումներ, սեմինարներ են անցկացվում։ Մենք մեր պատկերացումները պետք է փոխենք։ Իրադրությունը հաղթահարելիս նոր պատկերացումներ են առաջանում։ Քննությունների փորձ արդեն ունենք, և շատերը դրական են գնահատում դրանց ընթացքը։ Հիմա մենք աշխատում ենք թերությունների հայտնաբերման ուղղությամբ, որպեսզի ավելի բարելավենք մեր աշխատանքները։ Համակարգի առնչությամբ հարցեր չեն ծագում. թերություններն ու դժվարությունները տեխնիկական են, որոնք տարեցտարի հաղթահարվում են։ Մի շատ կարևոր երևույթ շատերն են նշում. մարդիկ համոզվեցին, որ չի եղել դեպք, որ շրջանավարտն իր գրած մակարդակից ցածր գնահատվի։ Մինչդեռ նույն խնդիրը կենտրոնացված քննությունների ժամանակ մեծ տհաճություններ էր ստեղծում։
-Ընդունելության քննությունների ընթացքում մշտապես խոսվել է կաշառակերության մասին։ Այս նոր քննակարգը կբացառի՞ կոռուպցիոն ռիսկերը։
-Առաջին տարիների համար ոչ թե կբացառի, այլ զգալի չափով կփոքրացնի կոռուպցիայի հնարավորությունը։ Կոռուպցիոն ռիսկերը միայն մեխանիզմներից կախված չեն։ Դրանք պայմանավորված են նաև մարդկանցով (քննությունների կազմակերպիչներ, հասարակության անդամներ)։ Բացի այդ, մենք նաև պետք է հասկանանք և միամիտ չլինենք, որ կոռուպցիան, ի վերջո, միայն «անմեղ», ընդունված ձևերը չեն։ Կա նաև գիտակցաբար վնաս տալու նպատակ. մարդը շահ չունի, բայց համակարգը վարկաբեկելու համար կարող է գնալ նման քայլի։ Այդպիսի հատուկ գործունեություն նույնպես ծավալվում է։ Այնպես որ, ասել, թե կոռուպցիոն ռիսկը կվերանա, սխալ կլինի։ Դա նշանակում է մեզ խաբել ու ընկնել թակարդը և ավելի լայն ճանապարհ բացել կաշառակերության համար։ Ես մի երազանք ունեմ, որ գա մի պահ, երբ մարդիկ ուղղակի անհարմար զգան այդ հարցը բարձրացնելուց։
Նախ՝ կաշխատենք մեխանիզմները հնարավորին չափ բարդացնել, ապա կաշառք տվողների թիվը կհասցնենք նվազագույնի, բայց ամենածանրը լինելու է հասարակության միջից կաշառք տալու ձևը՝ որպես սեփական խնդիրների լուծման եղանակ, վերացնելը։ Բացի այդ, կան նկատվող հանգամանքներ, որոնք ցույց են տալիս կոռուպցիոն ռիսկերի մակարդակը։ Երբ կոռուպցիան ծաղկուն շրջանում է լինում, վերջին-նախավերջին դասարաններում աշակերտը և նրանց ծնողները շատ հանգիստ են՝ վստահ լինելով, որ իրենց հարցերը կլուծվեն, և երեխան կընդունվի բուհ։ Իսկ երբ մարդը, սեպտեմբերին մուտք գործելով դպրոց, իմանա, որ շատ դժվար է լինելու, հույսը կդնի իր վրա։ Այս առումով բավականին մեծ առաջընթաց կա, շատերը զգուշանում են, քանի որ կաշառք տալը հեշտ չէ, մարդիկ շուկայում նստած չեն սպասում, որ իրենք էլ գնան ու վճարեն։ Շատերն այս տարի խիստ հիասթափվեցին, իսկ դա նշանակում է, որ մթնոլորտը փոխվում է։
-Նախորդ տարի որոշ կազմակերպություններ դպրոցներում պարբերաբար իրականացնում էին թեստերի վճարովի փորձարկումներ։ Դրանք որքանո՞վ են օրինական, արդյունավետ և որքանո՞վ են օգնում գնահատման և թեստավորման կենտրոնին։
-Այդ փորձարկումներն օրինական են։ Արդյունավետության առումով գնահատելիս հարցը երկու՝ կրթության զարգացման և պատվիրատուի նպատակների տեսանկյունից պետք է դիտել։ Ասել, որ կրթության և գիտության նախարարության կողմից այդպիսի պատվեր կա, ճիշտ չի լինի։ Թողտվություն կա, բայց շահագրգռություն և պատվեր չկա։ Հետևաբար, փորձարկումների արդյունավետությունը պետք է չափեն ծնողները, ովքեր վճարում են դրա համար։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե նման փորձարկումներն օգնում են կենտրոնին, միանշանակ պետք է ասեմ՝ ոչ։ Նույնիսկ ինչ-որ իմաստով խանգարում են։ Ես դեմ չեմ այդ փորձարկումներին, քանի որ իրականացնողներն օրենքի սահմաններում են գործում, սակայն նրանք ոչ թե չարամտորեն են խանգարում, այլ ակամա։ Նախ՝ շոշափվում է (երբեմն նաև շահարկվում է) մեր անունը, թեստերը, մեթոդաբանությունը մեզ հետ համաձայնեցված չեն և հաճախ մեր գաղափարախոսությանն աննպաստ ձևերով են անցկացվում։ Եվ ամենակարևորը. այն, ինչ մենք անում ենք, ուղղված է գնահատման նոր համակարգի կայացմանը։ Իսկ արվող փորձարկումներն այդ խնդրի շրջանակից դուրս են։ Հայտնի բան է՝ բիզնեսի շահերը շատ հաճախ գործարարին հակադրում են իր ներքին արժեքային համակարգին։ Այս դեպքում շատ կարևոր է, թե գործարարը որն է ավելի արժևորում՝ արժեքային համակա՞րգը, թե՞ բիզնեսի շահը։ Ընդ որում, ցանկացած պարագայում էլ մեղադրել չի կարելի։ Որպես գործարար՝ նա պետք է առաջնությունը տա բիզնեսի շահերին, որպես անձնավորություն՝ իր ներքին արժեքային համակարգին։ Այս դեպքում չէի ուզի ասել, թե ինչին է տրվում առաջնությունը։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 4995

Մեկնաբանություններ